Ինչու է նախարարությունը ֆինանսավորում <Մել> ֆիլմը. պարզաբանում է վարչապետը

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղեւորվում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու համար: Կառավարության մոտ նրան շրջապատեցին մի խումբ ՀՅԴ ակտիվիստներ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց են անում՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Պատճառը նախարարության նոր օրինագիծն է, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները բուհերում այլեւս պարտադիր առարկաների ցանկում չեն լինելու:

Ցուցարարները ներկայացան որպես Դաշնակցականներ եւ հետաքրքրվեցին վարչապետից, թե հետեւու՞մ է արդյոք իրադարձությունների զարգացմանը ԿԳՄՍ նախարարության շուրջ եւ տեղյա՞կ է երկուշաբթի օրը կուսակցության երիտթեւի տարածած հայտարարությունից:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ տեղյակ է ու չի կիսում այդ հայտարարության կետերից ոչ մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցները հարցրին, թե վարչապետը հանդիպելո՞ւ է Արայիկ Հարությունյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին չի հանդիպելու, սակայն իրենք բավական հաճախ են հանդիպում:

Ցուցարարները խնդրեցին, որ հանդիպելու դեպքում առաջարկում են Արայիկ Հարությունյանին փոխանցել մետրոյի ժետոն, որպեսզի նա երեկոյան մետրոյով տուն գնա ու տեսնի, թե ինչ կարծիք ունեն իր եւ նախարարության նախաձեռնություն մասին քաղաքացիները:

Վարչապետն ի պատասխան՝ խնդրեց բացատրել, թե ինչ պահանջներ ունեն: Երբ որ բողոքի ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ պահանջում են նախարարի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Եթե Արայիկ Հարությունյանը կոռումպացված լիներ, եթե ուսանողներից գումարներ հավաքեր, նման պահանջն արդարացված կլիներ, իսկ բարեփոխումները, որոնք ձեզ համար ընդունելի չեն, Արայիկ Հարությունյանը չի իրականացնում, կառավարությունն է իրականացնում»:

Ցուցարարները հակադարձեցին, որ Արայիկ Հարությունյանը չունի կրթության մասին հայեցակարգ, խուսափում է լսել իր ընդդիմախոսներին: Վարչապետը, ընդհատելով ՀՅԴ ակտիվիստի խոսքը, նշեց, որ եթե, իսկապես, կա նման խնդիր եւ Ա. Հարությունյանը խուսափում է լսել կարծիք, ապա ինքը խոստանում է, որ դա այդպես չի մնա:

ՀՅԴ երիտներկայացուցիչներից Արգիշտի ներկայացած երիտասարդը նշեց, որ նախարարը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ականներն իրավունք չունեն խոսել կրթությունից: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի հավատում, թե նման բան կարող է եղած լինել: Երիտասարդը պնդեց, որ եղել է նման միտք եւ հարց ուղղեց վարչապետին, թե ինքը՝ որպես երիտասարդ, կարո՞ղ է խոսել կրթությունից: Վարչապետը դրական պատասխան տվեց՝ խնդրելով կոնտեքստից չկտրել որեւէ միտք եւ այն մեկնաբանել:

«Կրթության խնդիրներից, հատկապես դաշնակցականները, թող չխոսեն»,- նախարարի խոսքերը բառացի մեջբերեց մեկ այլ երիտասարդ եւ նշեց, որ նախարարն իր գրառումներում խոսել է «մուտիլովչիկ», «տասովչիկ» բառերով:

Վարչապետը հայտնեց, որ կծանոթանա նախարարի ուղիղ խոսքին եւ նոր միայն մեկնաբանություն կանի, իսկ Արայիկ Հարությունյանի համար փոխանցված մետրոյի ժետոնը կպահի՝ որպես հիշատակ:

Խոսվեց նաեւ նախարարության կողմից ֆինանսավորված «Մել» ֆիլմի մասին: Վարչապետը հայտնեց, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, նրա շնորհիվ 3 անգամ Եվրոպայում բարձրացվել է եռագույնը եւ բազմակի անգամներ հնչել է հայկական հիմնը: Նախարարությունը ֆինանսավորել է ոչ թե սեռափոխված մարդու մասին ֆիլմը, այլ Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին ֆիլմը, եւ չեն պատրաստվում յուրաքանչյուր գործից առաջ բոլորի կյանքի մասին տեղեկանքներ հավաքել:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*