Ադրբեջանը լուրջ խնդիր ունի. նա փորձելու է մինչև նավթային պաշարների սպառվելը լուծել Ղարաբաղի հարցը իր օգտին

«Ադրբեջանը նավթի պաշարների սպառման հետ կապված խնդիր ունի և փորձում է մինչ այդ որքան հնարավոր է՝ շատ սպառազինություն ձեռք բերել: Ապրիլյան պատերազմը նույնպես դրա ուղղակի հետևանքն էր: Իրենք հասկանում են, որ պիտի կարողանան որքան հնարավոր է՝ շուտ լուծել հարցը իրենց օգտին, որովհետև երբ իրենք նավթային հոսքերի դադարի պատճառով զրկվեն ֆինանսներից՝ այլևս երբեք չեն կարողանա դա անել»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը:

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով:

– Պարոն Պետրոսյանց, համաձա՞յն եք այն քննադատության հետ, որ ներկայիս կառավարությունը ուշադրություն չի դարձնում անվտանգության խնդիրներին կամ առնվազն՝ անվտանգության մարտահրավերները առաջնահերթություն չեն Փաշինյանի գլխավորած կառավարության համար: Այստեղ, իհարկե, շահարկման հանգամանքն էլ կա: Այսօր տեղեկատվական մանիպուլյացիաները սարսափելի չափերի են հասել: Օրինակ, վարչապետը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա կարող է չափազանց կարևոր այց կատարել մի երկիր, որի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն արտաքին քաղաքական շահերի և ազգային անվտանգության տեսանկյունից, բայց որոշ լրատվամիջոցներ, քարոզչական որոշակի ուղղվածություն ունեցող կայքեր ամբողջ համատեքստից առանձնացնում են միայն ուղևորության վրա ծախսված մի քանի հարյուր հազար դոլարը և դա ներկայացնում որպես «խայտառակություն», «թալան» ու «բյուջեի մսխում»: Բայց մյուս կողմից՝ արվում են որոշ քայլեր, որոնք միանշանակ չեն ընդունվում հասարակության շրջանում: Օրինակ՝ հայտնի պարգևավճարները, նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը և այլն: Ի՞նչ կասեք այս հարցի վերաբերյալ: Անվտանգություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: Ըստ իս՝ առաջնայինն այսօր սպառազինության խնդիրը լուծելն է:

– Ոչ միայն սպառազինության խնդիրը: Անվտանգության հարցն այսպես է: Երբ նայում ես մարդկության պատմությանը՝ գիտության զարգացումը, ցանկացած գիտություն ուղղված է որևէ ռազմական հայտնագործության, որի նպատակը տվյալ երկրի, հասարակության անվտանգությունն ամրապնդելն է: Մարդկության պատմության մեջ բոլոր գիտությունները զարգացել են, անընդհատ գնացել են առաջ՝ ռազմական որևէ ոլորտում կիրառվելու համար: Այսօր Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բացը անվտանգության ոլորտում հենց ռազմական գիտություններն են, որոնք մղված են ամենավերջին պլան: Ավելի ճիշտ՝ ոչ թե ամենավերջին պլանում են, այլ ընդհանրապես գոյություն չունեն: Իսկ ռազմական գիտությունները ոչ միայն տեխնիկական գիտություններն են, այլև, օրինակ, ֆիզիկան նույնպես ռազմական գիտություն է, քիմիան նույնպես ռազմական գիտություն է, և դրանցում կատարվող հայտնագործությունները մեծ ու էական նշանակություն ունեն: Սրանցից բացի՝ կան նաև բուն ռազմական գիտություններ: Նույն ռազմարվեստն է՝ իր բոլոր բաղադրիչներով, և այլն: Դրանց հանդեպ ոչ թե անտարբերություն է, այլ ընդհանրապես վերաբերմունք չկա: Կարող է՝ միայն հայտարարություններում հանդիպենք, որ «մենք ուզում ենք զարգացնել ռազմարդյունաբերությունը»: Բայց ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար պետք է ռազմական գիտություններ զարգացնել: Իսկ որտե՞ղ են զարգանում ռազմական գիտությունները: Մենք դա չենք տեսնում:

– Ռազմարդյունաբերության ստեղծման, զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլեր տեսնո՞ւմ եք: Այս հարցը քննարկվել, արծարծվել է երկար տարիներ: Բայց ի՞նչ առաջընթաց կա այս ուղղությամբ:

– Ռազմարդյունաբերության ոլորտում գուցե կան բաներ, որոնք դեռևս գաղտնիք են, հասարակությունը տեղյակ չէ դրա մասին: Դրանից ելնելով՝ ես, բացի հայտարարությունները և ռազմավարական պլաններում այդ միտքը շեշտելը, որևէ այլ քայլ չեմ տեսել: Իսկ ռազմարդյունաբերությունը շատ լուրջ բան է: Եթե ռուսական ինչ-որ ընկերություն է գա և սկսի Կալաշնիկովի ինքնաձիգեր արտադրել մեր երկրում՝ դա դեռ ռազմարդյունաբերություն չէ: Ռազմարդյունաբերություն կլինի այն դեպքում, երբ մենք ունենանք գործարան, որը կունենա իր գիտական մշակման բաժինը, որտեղ կոնստրուկտորները կսկսեն նախագծել, ենթադրենք, ինչ-որ հրթիռներ և արտադրել: Ռազմարդյունաբերությունը դա է: Բայց ես այդպիսի բան չեմ տեսնում: Ունենք գործարաններ, որտեղ վնասված, վթարված սարքավորումներն են վերանորոգվում: Իսկ բանակի համար կարևոր որևէ լուրջ արտադրություն, բացառությամբ անօդաչու թռչող սարքերի, դեռևս չկա:

– Բայց դրա համար պետք չէ՞արդյոք նախ և առաջ ծանր արդյունաբերություն ունենալ: Կարծեմ, ղարաբաղյան պատերազմի տարիներին խորհրդային շրջանից մնացած գործարաններում հենց զենք են արտադրել:

– Այո, մենք ունեինք նման գործարաններ: Իհարկե, դրա մասին ներքին մակարդակով շատ մարդիկ գիտեն, սակայն բացեիբաց դրա մասին չէր հայտարարվում: Բայց ես նաև գիտեմ, որ արդեն շատ երկար տարիներ է, ինչ նմանատիպ գործարանները կանգնած են, չեն աշխատում, և որևէ բան չի արտադրվում: Իսկ հիմա չգիտեմ՝ կա, թե ոչ:

– Իսկ Ադրբեջանում կա՞ ռազմական արդյունաբերություն:

– Եթե հիմնվենք ադրբեջանական տվյալների վրա, ապա, ի տարբերություն մեզ, Ադրբեջանը բազմաթիվ համատեղ գործարաններ ունի Թուրքիայի, Իսրայելի, նույնիսկ Ռուսաստանի հետ, որտեղ ռազմական տեխնիկա ու սպառազինություն է արտադրվում: Իրենք պարծենում են, թե միջազգային ռազմական էքսպոներում արդեն մի քանի հարյուր տեսակի արտադրանք են կարողանում ներկայացնել: Սա ադրբեջանցիներն են ասում: Չեմ կարող ասել՝ իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ: Եվ մենք պետք է մտածենք այդ մասին՝ որքանո՞վ ենք համաքայլ ընթանում:

– Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի մեջ կտրուկ աճ է նկատվում, արդյոք խոսո՞ւմ է ռազմական գործողություններ ձեռնարկելու մտադրության, ծրագրերի մասին:

– Գիտե՞ք, քանի որ ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանը գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ, սա դասական պատերազմող երկրների հոգեբանությունն է: Այլ խոսքերով՝ քանի որ իրենք կարծում են, որ պարտվել են պատերազմի որոշակի փուլում կորցրածը հետ բերելու խնդիր ունեն, հետևաբար գնում են իրենց ռազմական ներուժը մեծացնելու ճանապարհով: Ռազմարվեստը հստակ ասում է, որ հարձակվողը հաղթանակի ձգտելու դեպքում իր ամբողջ զինուժով, առնվազն 1/3-ի հարաբերակցությամբ, պետք է գերազանցի հակառակորդին, իսկ որոշ տեղամասերում՝ 6-7 անգամ պետք է գերազանցի: Հիմա նրանք ձգտում են հասնել այդ գերազանցությանը: Ու անկախ նրանից՝ իրենք ինչքան են մեծացնում իրենց ռազմական ծախսերը, ամեն դեպքում դեռևս երկար ժամանակ կպահանջվի, որ դասական տարբերակով հասնեն այդ գերազանցության աստիճանին:

– Մենք էլ պիտի նստենք, սպասենք դրա՞ն:

– Համաձայն պաշտոնական տվյալների՝ մենք էլ չենք սպասում, մենք էլ անընդհատ աճ ենք ունենում: Դրա համար եմ ասում, որ սա բավական երկար պրոցես է, նման առավելության հասնելը հեշտ բան չէ: Իսկ եթե մենք ոչինչ չձեռնարկեինք՝ գուցե իրենք մոտ 5-6 տարվա մեջ հասնեին այդ առավելությանը: Բայց այս պահի դրությամբ դժվար է ասել՝ երբ կհասնեն, եթե հաշվի առնենք մի քանի խնդիր: Մանավանդ կան շրջանառվող խոսակցություններ, տեսակետներ այն մասին, որ Ադրբեջանը նավթի պաշարների սպառման հետ կապված խնդիր ունի և փորձում է մինչև այդ պաշարների վերջանալը որքան հնարավոր է՝ շատ սպառազինություն ձեռք բերել: Ամբողջ խնդիրը դրա մեջ է: Ես կարդացել եմ եվրոպական փորձագետների կարծիքներ, որտեղ նշվում էր, որ Ապրիլյան պատերազմը նույնպես դրա ուղղակի հետևանքն էր: Իրենք խնդիր ունեն, իրենք հասկանում են, որ պիտի կարողանան որքան հնարավոր է՝ շուտ լուծել հարցը իրենց օգտին, որովհետև երբ իրենք նավթային հոսքերի դադարի պատճառով զրկվեն ֆինանսներից՝ այլևս երբեք չեն կարողանա դա անել: Սրանք ընդամենը կարծիքներ են, որոնք, չգիտեմ, հիմքեր ունե՞ն, թե՞ ոչ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*